Բաժին. Տնտեսական

Ագրոպարենային լիզինգի ծրագրով ևս երեք կազմակերպություն սարքավորումներ կտրամադրի

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն: Այս մասին Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝

-անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,

-բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,

-սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,

-թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա-վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,

-սպանդանոցային տնտեսություն,

-ագրովերամշակող արդյունաբերություն,

-ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:

Լիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:  Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։

Հավելենք, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։

Share