Բաժին. Տնտեսական

UN FAO․ պարենային մթերքների գնային ինդեքսը օգոստոս ամսվա համար կայուն է եղել

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքների գնային ինդեքսը օգոստոս ամսվա համար կայուն է եղել, քանզի հացահատիկային մշակաբույսերի գնի աճի հետ մեկտեղ նվազել են բուսական յուղի և շաքարավազի գները: Այն կազմել է միջինը 167.6 կետ, որը փաստորեն հավասար է հուլիս ամսվա վերանայված ինդեքսին և 5.4 տոկոսով ցածր է 2017թ. օգոստոս ամսվա ցուցանիշից:

Նշված ամսվա ընթացքում 4.0 տոկոսով աճել է հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը, շնորհիվ ցորենի գնի կրկնակի աճի, որը Եվրոպական միությունում և Ռուսաստանի Դաշնությունում բերքահավաքի հեռանկարների վատթարացման արդյունք է: Եգիպտացորենի միջազգային գինը բարձրացել է ավելի քան 3.0 տոկոսով, իսկ բրնձի գինը ամսվա ընթացքում նվազել է: 

Բուսական յուղերի ՊԳԿ գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ նվազել է 2.6 տոկոսով՝ դառնալով երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը, քանի որ արմավենու, սոյայի և արևածաղկի յուղի գները արտադրության ծավալների բարելավման միտումների, իսկ արմավենու յուղի դեպքում` համաշխարհային ներկրման ցածր պահանջարկի պատճառով նվազել են: 

Կաթնամթերքի ՊԳԿ գնային ինդեքսը օգոստոսին գրանցել է իր երրորդ անընդմեջ անկումը` նվազելով 1.5 տոկոսով՝ սեզոնային համեմատաբար սուղ ծավալների պատճառով: Մինչդեռ Եվրոպայի և Ավստրալիայի որոշ մասերում երաշտը կարող է բացասաբար ազդել կաթի արտադրության աճի վրա, Նոր Զելանդիայի կաթնարտադրության հեռանկարները բարելավվում են:

Շաքարավազի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ նվազել է 5.4 տոկոսով՝ դառնալով տասնամյակի ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը, ինչը թերևս պայմանավորված է հիմնական շաքարավազ արտահանող երկրներում՝ Բրազիլիայում և Հնդկաստանում արժույթների շարունակ արժեզրկմամբ: 

Մսի գնային ինդեքսը օգոստոսին համարյա չի փոխվել: Խոզի և ոչխարի մսի գինը աճել է՝ շնորհիվ Չինաստանի կողմից ներմուծման մեծ հետաքրքրվածության, փոխարենը, Միացյալ Նահանգներից մեծ ծավալների արտահանման հնարավորություններով պայամնավորված նվազել են թռչնամսի և տավարի մսի գները:

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր կանխատեսումները

Ըստ ՊԳԿ կանխատեսումների, հացատահիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունը 2018թ-ին կհասնի 2 587 միլիոն տոննայի, ինչը փոքր-ինչ ավել է հուլիս ամսվա կանխատեսումից, սակայն երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է և 2.4 տոսոկով պակաս է անցած տարվա ռեկորդային բարձր ցուցանիշիչ:

§Հացահատիկի առաջարկի և պահանջարկի¦ այսօր թողարկված ամփոփագրում ցորենի համաշխարհային արտադրության ծավալների ՊԳԿ կանխատեսումը 14 միլիոն տոննա պակաս է այս տարվա համար, որը ներկայումս կազմում է համարյա 722 միլիոն տոննա, մշակաբույսերի մեջ ամենացածրը՝ 2013թ-ից ի վեր: Բերքի նվազմանը Եվրոպայում էապես նպաստել է չոր և տապ եղանակը:

Մյուս կողմից, կերային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալները վերանավել են՝ հուլիս ամսվա համեմատ ավելանալով 15 միլիոն տոննա՝ ելնելով Չինաստանում, Ուկրաինայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում եգիպտացորենի լավատեսական կանխատեսումներից: Ըստ ՊԳԿ-ի կանխատեսումների, 2018 թ-ին կերային մշակաբույսերի արտադրության ծավալները կլինեն մոտ 1354 միլիոն  տոննա, ինչը 2.6 տոկոսով ցածր է 2017թ-ի մակարդակից: 

Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ բրձի համաշխարհային արտադրության ծավալները անցած տարվա համեմատ կավելանան 1.3 տոկոսով և 2018թ-ին նոր ռեկորդ կգրանցեն՝ 512 միլիոն տոննա՝ Բանգլադեշում և Վիետնամում արտադրության ծավալների աճի ինչպես նաև Շրի Լանկայում և Միացյալ Նահանգներում արտադրության տարածքների վերականգնման շնորհիվ: 

ՊԳԿ-ն ավելացրել է հացահատիկային մշակաբույսերի սպառման համաշխարհային կանխատեսումը, հասցնելով այն 2648 տոննայի, հիմնականում եգիպտացորենը անասնակերի և արդյունաբերական նպատակով ավելի լայնորեն օգտագործման, ինչպես նաև բրձի հարուստ բերքահավաքի շնորհիվ:  

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի ծավալների կանխատեսումները 2018/2019 թվականների համար վերանայվել են, հասցվելով համարյա 414 միլիոն տոննայի, ինչը սակայն 1.5 տոկոսով ցածր է նախորդ տարվա ռեկորդային բարձր ցուցանիշից:

Share