Բաժին. Տնտեսական

Կալավան գյուղն այս տարի ընդունել է հազարից ավելի արտասահմանցի զբոսաշրջիկների

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղն այս տարի ընդունել է հազարից ավելի արտասահմանցի զբոսաշրջիկների՝ շնորհիվ նորակառույց 8 հյուրատների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, այս տարի Կալավանում գործել է ութ հյուրատուն, որոնք վերակառուցվել են տեղի բնակիչների կողմից, վարկային միջոցների կամ առանձին կազմակերպությունների օժանդակության հաշվին: «Հյուրատնային բիզնեսով զբաղվող ընտանիքիներին օժանդակել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», «Քարդ» կազմակերպությունը եւ PRP ծրագիրը: Հյուրատների ստեղծման համար կատարվել է մոտ 20 միլիոն դրամի ներդրում: Բոլոր ութ հյուրատների վրա տեղադրված են արեւային ջրատաքացուցիչներ: Ի դեպ, Կալավանի բնակիչների մոտ 40 տոկոսն արդեն իրենց տանիքներին տեղադրել են արեւային ջրատաքացուցիչներ: Աշխատանքների մի մասը ֆինանսավորվել է PRP ծրագրի կողմից, իսկ մի մասն էլ իրականացվել է բնակիչներին տրամադրված վարկային միջոցներով: Մեզ մոտ այս տարի զբոսաշրջիկներ են ժամանել Գերմանիայից, Իսրայելից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Պորտուգալիայից եւ, անշուշտ, Հայաստանի մայրաքաղաքից ու տարբեր մարզերից:

Եկող տարում Կալավանում կշահագործվի եւս երկու հյուրատուն: Կալավանում իրականացվել են նաեւ տուրիզմի զարգացման կրթական ծրագրեր, որոնցից ամենանշանակալին «Էրասմուս պլյուս» ծրագիրն է, որն իրականացվում է չորս երկրների՝ Հայաստանի, Նիդեռլանդների, Ուկրաինայի եւ Սլովակիայի կողմից: Այդ ծրագրի շրջանակում Կալավան են ժամանել 40 զբոսաշրջիկ նշված 4 երկրից, որոնք մեզ մոտ մնացել են մեկ շաբաթ: Զբոսաշրջիկների նույն կազմի հաջորդ հանգրվանը կլինի Սլովակիայում: Հյուրատնային բիզնեսն իր հերթին խթան է հանդիսացել Կալավանի եւ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսության զարգացման համար»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը Կալավան կշարունակվի նաեւ աշնանային ամիսներին:

Խոսրով Խլղաթյան

Share