Բաժին. Տնտեսական

Եվրասիական շաբաթում շեշտադրումը կդրվի ինովացիոն և արտահանման պոտենցիալ ունեցող ընկերությունների վրա

Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային երրորդ ցուցահանդեսային համաժողովը կխթանի ԵԱՏՄ երկրների ընկերությունների համագործակցությունը: Ներկայացված են լինելու հիմնական սննդի արդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, ճշգրիտ ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, բժշկական արտադրանքների ոլորտների ընկերություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը համաժողովի մանրամասները փոխանցեցին կազմակերպիչները:

«Համաժողովի շրջանակում կբացվի ցուցահանդես, որին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ընկերություններին ներգրավելու համար արդեն տրվել են հայտարարություններ: Յուրաքանչյուր երկրից պետք է մասնակցի 30 ընկերություն: Հիմնական ուղղություններն են սննդի վերամշակման արդյունաբերությունը, գյուղմթերքի վերամշակումը, հատկապես օրգանիկ գյուղմթերքները, բժշկական արտադրանքը, ճշգրիտ ճարտարագիտությունը, ՏՏ-ն, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, շինանյութերի արդյունաբերությունը՝ սմարթ շինանյութեր: Ընկերությունները կընտրվեն ըստ որոշակի չափանիշների՝ ԵԱՏՄ մասնագետների հետ: Հիմնականում շեշտադրումը կարվի ինովացիոն և արտահանման պոտենցիալ ունեցող ընկերությունների վրա»,-ներկայացրեց «Բիզնես Արմենիա»-ի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանն ու հավելեց՝ գլխավորը ԵԱՏՄ երկրների ընկերությունների համագործակցության զարգացումն է:

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային երրորդ համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը: Առաջինը տեղի է ունեցել Ռուսաստանում, երկրորդը՝ Ղազախստանում: Հայաստանն այդ երկուսին էլ ակտիվ մասնակցություն է  ունեցել: Ռուսաստանյան «Եվրասիական շաբաթի» արդյունքում Հայաստանն ունի 250 մլն դրամի պատվերներ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Իսկ Ղազախստանի համաժողովի արդյունքում՝ դեղագործական և կոսմետիկ նյութերի պատվերներ: Ընկերություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Ներկայում պատրաստում են նախնական փորձաքանակ:

Հայաստանում «Եվրասիական շաբաթի»-ի կազմակերպիչը ԵԱՏՄ հանձնաժողովն է, Հայաստանի կողմից աշխատանքները համակարգում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը:

«Բիզնես Արմենիա»-ի արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը նշեց՝ ցուցահանդեսի համար ընկերությունները հայտերը կարող են ուղարկել մինչև սեպտեմբերի 20-ը: Իսկ ֆորումի համար կարելի է գրանցվել eurasianweek.org կայքում: Կայքում գրանցվելով՝ կարելի է գործընկերներ գտնել մինչ բուն միջոցառումը: Նախատեսում է ԵԱՏՄ երկրներից 2 500, իսկ երրորդ երկրներից մոտ 250 ընկերության մասնակցություն:

Share