Բաժին. Տնտեսական

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Վրաստան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանի Հանրապետությունում։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այցի  առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ,  այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Լևան Դավիթաշվիլին  ներկայացրել է Վրաստանում   գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերը:

«Սա իմ առաջին այցն է Վրաստանի Հանրապետություն` որպես նախարար և պետք է նշեմ, որ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա: Մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթացել նորություններին և հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությանը կլինի շարունակական»,- ասել է Արթուր Խաչատրյանը Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ջիկարայի բազմամյա մշակաբույսերի ուսումնահետազոտական բազա, ինչպես նաև Ծիլկանիում գտնվող  Իվանե Սարիշվիլու անվան  Վերլուծական հետազոտությունների (ԴՆԹ) լաբորատորիա, հետևել խաղողի բերքահավաքին, ծանոթացել վրացական խաղողի սորտերին՝ համտեսելով անուշաբույր վրացական գինի։

Share