Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:

Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսվարող սուբյեկտներին՝ ընդգծելով նման ներդրումների կարևորությունը:

Հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է առարկայական քայլեր ձեռնարկել երկու երկրների մաքսային մարմինների միջև համագործակցությունն առավել բարենպաստ դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, հետբացթողումային հսկողության մասով:

Դավիթ Անանյանն առաջարկել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում քննարկել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նոր հարթակ ստեղծելու նպատակահարմարությունը:

Share