Բաժին. Տնտեսական

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 80 հազար տոննա խաղող

Արարատի մարզում հոկտեմբերի 8-ի դրությամբ մարզի 15 մթերող կազմակերպությունների կողմից իրականացվել է ավելի քան 50 հազար տոննա խաղողի մթերում: Կախված խաղողի որակից, տեսակից, քաղցրությունից` մթերման գինը տարբեր գործարաններում եղել է միջինում 140 դրամ: Առանձին սորտերի մթերման գինը հասել է մինչեւ 200-220 դրամի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 80 հազար տոննա խաղող: Խաղողի բերքի որոշ մասը վնասվել է գարնան ցրտահարության, իսկ սեղանի գրեթե բոլոր սորտերին վնաս է պատճառել այգիներում նկատված միլդ հիվանդությունը:

Տերտերյանի խոսքով, մթերման սեզոնը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ գյուղացու այգիներում այլեւս չմնա ոչ մի ողկույզ խաղող: Որոշ համայնքներում իրականացվում են նաեւ խաղողի գնում` սառնարանային տնտեսություններում պահելու կամ արտահանելու նպատակով:

Արարատի մարզում իրականացվում է նաեւ այգիների երիտասարդացման գործընթաց: Հիշյալ այգիները մարզում հասնում են շուրջ 300 հա-ի: Իսկ մարզի խաղողի այգիները 4158 հա են:

Share