Տնտեսական | 15:55 08/10/18

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի խորհրդարանի կողմից հաստատված նոր հարկաբյուջետային կանոններին համապատասխան:

Նախարարը կարևորել է մի շարք առանցքային ուղղություններով տարվող քննարկումները, որոնցից են` տնտեսական աճի մոդելը, հարկային համակարգի փոփոխությունները, ոլորտային ռազմավարությունների մշակումն ու վերանայումը և կառուցվածքային փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման, առաջնահերթությունների ճիշտ սահմանման և ծրագրերի իրականացման տեսանկյունից հասցեական ու արդյունքահեն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով: Քննարկվել է «Երկրի գործընկերության շրջանակ» ծրագրի իրականացման հնարավորությունը և վերջինիս ինդիկատիվ ուղղությունները: