Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։

Ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։

Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի գործունեության ընթացքում կատարված աշխատանքները՝ դրանցում առանձնացնելով հատկապես ճանապարհաշինական, ենթակառուցվածքային ծրագրերը, ընդգծելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Հակոբ Արշակյանն ընդգծել է ճանապարհաշինական  ծրագրերում բարձր որակ ապահովելու և նախանշված ժամկետները պահպանելու կարևորությունը։

Անդրադարձ է եղել նաև հեռանկարային ծրագրերին, մասնավորապես, տրանսպորտային համակարգերի, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Share