Բաժին. Տնտեսական

10 մլն եվրո՝ գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի իրականացման համար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանն ընդգծել է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունն ու հրատապությունը:  

Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը:

Փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից կտրամադրվի 5 մլն եվրո և նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը: 

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում վնասի գնահատման  չափորոշիչների և մեթոդաբանության մշակմանը, «Նարմա» բյուրոյի ստեղծմանը, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը:

Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ իրականացնել, որպեսզի 2019 թվականի սկզբում արդեն հնարավոր լինի գործարկել ծրագիրը:

Share