Բաժին. Տնտեսական

Սուրճի ներկրման ծավալներն աճել են 10.2%-ով

2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստան է ներկրվել 8 հազար 660 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է գրեթե հազար տոննայով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ  2017 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստան է ներկրվել 7 հազար 860 տոննա սուրճ:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին ամենամեծ ծավալով սուրճ ներկվել է Ինդոնեզիայից՝ 5 հազար 712 տոննա: Ինդոնեզիային հաջորդում է Վիետնամը՝ 2 հազար 353 տոննա, այնուհետև Ռուսաստանը, Եթովպիան, Գվատեմալան:

Ի տարբերություն ներկրման ցուցանիշի, նշված ժամանակահատվածում նվազել է Հայաստանից սուրճի արտահանման ծավալը: 2018 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանվել է 696 տոննա սուրճ, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 857 տոննա: Հայաստանից սուրճ արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան:

2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստան է ներկրվել 222 տոննա թեյ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 13 տոննայով:

Թեյի արտահանումն այս տարվա նշված ժամանակահատվածում կազմել է 17 տոննա, 2017-ի հունվար-սեպտեմբերին՝ 10 տոննա: Թեյ ներկրվել է Ռուսաստանից, Շրի Լանկայից, Չինաստանից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլն:

Share