Տնտեսական | 17:17 13/11/18

Վարչապետի պաշտոնակատարը պետական համակարգի շատ աշխատողների համար այլ դաշտերում աշխատանքի հնարավորություն ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական համակարգում աշխատողների թվաքանակի, նրանց համահարթ վարձատրման հետ կապված խնդիրներ է տեսնում: Սակայն միևնույն ժամանակ վստահեցնում է, որ չեն գնալու կույր օպտիմալացումների և կրճատումների ճանապարհով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց բժիշկների, հրշեջների, դասախոսների և պետական համակարգում շատ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հնարավորությամբ:

«Դա մեր նպատակադրումն է, որին  հասնելու ենք: Սրա համար կա երկու գործիքակազմ, մեկը բյուջեի եկամուտների բարձրացումն է, մյուսը` հասկանալը, թե ինչ է տեղի ունենում այդ համակարգերում: Մեր պետական կառավարման համակարգում կա աբսուրդ տրամաբանություն, որ բոլորին վճարում ենք նույն կերպ համահարթ: Նույն նախարարության երկու աշխատակիցներից  մեկը միգուցե շատ աշխատանք է անում, մյուսը` ոչինչ, սակայն մենք երկուսին տալիս ենք նույն աշխատավարձը: Հիմա մենք խրախուսում ենք, որ աշխատողը չաշխատի: Այսօր հանրակրթության ոլորտի շատ աշխատողներ ստանում են ավելի քիչ, քան նախատեսված է օրենքով: Դրա պատճառն այն է, որ ունենք նախատեսած հաստիքների թվից ավելի աշխատողներ` տասը հազարից ավելի մարդ: Եթե ասենք, որ աշխատավարձը բարձրացնում ենք հազար դրամով, դե ֆակտո աշխատավարձերի էական բարձրացում և որակի բարձրացում չենք ունենալու:  Սակայն մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ մենք չենք գնալու կույր օպտիմալացումների, կրճատումների: Պետք է այս գործընթացն անենք մաքսիմալ այնպես, որ ցնցումներ չառաջանան: Մենք մի կողմից պետք է այլ դաշտերում հնարավորություններ ստեղծենք, որպեսզի մարդկանց քաջալերենք դրանցից օգտվել և տասնյակ տարիներ կառչած չմնալ 70 000 դրամ աշխատավարձից»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ նախարարություններում կան բազմաթիվ դեպքեր, երբ բաժինն ունի երկու աշխատող` բաժնի ղեկավար և տեղակալ: Իրավապահ համակարգում կան դեպքեր, երբ կա վաշտի հրամանատար, հրամանատարի տեղակալ, սակայն վաշտ չկա: «Մենք պետք է հասկանանք` մեր պետական կառավարման համակարգն արդյոք այնպիսի՞ն է, ինչպիսի պիտի լինի, որպեսզի աշխատավարձ բարձրացնելը ոչ միայն նշանակի մարդուն ավելի գումար տալ, այլ նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը: