Տնտեսական | 16:37 23/11/18

Արմեն Փամբուխչյանը մասնակցել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի տարեկան ժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նոյեմբերի 23-ին մասնակցել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի տարեկան ժողովին։

Ողջունելով ասոցիացիայի հիմնական անդամներին և ժողովի մասնակիցներին՝ Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել հայ բեռնափոխադրողներին երկրի տնտեսության զարգացման և առևտրաշրջանառության բարձրացմանն ուղղված կարևոր և պատասխանատու աշխատանքի համար:

Իր ելույթում նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է միջազգային բեռնափոխադրումների հետ կապված մի շարք խնդիրների, մասնավորապես՝ հարկային քաղաքականության պարզեցման անհրաժեշտությանը, և նշել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քննարկումներ են ընթանում պատասխանատու գերատեսչությունների հետ։ Նա նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» Եվրոպական համաձայնագրին միանալու ուղղությամբ:

«Արդեն բավական ժամանակ է` համաձայնագիրը ներպետական գործընթաց է անցնում։ Մենք կփորձենք անել հնարավորը՝ ընթացակարգերը արագ ավարտելու համար: Արդյունքում հայկական փոխադրողները հնարավորություն կստանան միջազգային չափանիշներին համապատասխան՝ վտանգավոր բեռների միջպետական բեռնափոխադրումներ իրականացնել»։

Արմեն Փամբուխչյանը նաև ընդգծել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի հայ բեռնափոխադրողին՝ անարգել և արդյունավետ փոխադրումներ իրականացնելու համար: