Բաժին. Տնտեսական

Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ հնարավորություն կտա ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվում է  ոչ միայն արդարության և օրենքի գերակայության հաստատման, այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ հնարավորություն կտա մեր ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Հետևաբար, մենք դա անում ենք ոչ միայն արդարություն և օրենքի գերակայություն հաստատելու համար: Բացի այդ, մենք հույս ունենք, որ այն իրավիճակը, երբ մեր երկրում կոռուպցիա չի լինի, կգրավի օտարերկրյա ներդրողներին, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ անեն,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանում եղել են տնտեսական մենաշնորհներ: «Եղել են մարդիկ, ովքեր ունեցել ավելի շատ իրավունքներ, քան մյուսները: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Եվ մեր կառավարության հաջորդ առաջնահերթությունը երկրում իրապես անկախ արդարադատության համակարգի ստեղծումն է, որովհետև, դժբախտաբար, մեր արդարադատության համակարգը նույնպես կոռումպացված էր, և հիմա մենք աշխատում ենք  մեր արդարադատության համակարգը իրապես անկախ դարձնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Երևանի փողոցներում քայլելու ընթացքում կարելի է տեսնել շատ ժպտացող մարդկանց և հավելում, որ նույն իրավիճակը չէր, օրինակ, վեց ամիս առաջ: «Հայաստանում մարդկանց մեծ մասը երջանիկ չէին և իրենց չհարգված էին զգում: Մենք երկիր էինք, որը միշտ խնդիրներ է ունեցել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ, երբ ամեն անգամ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Բայց հիմա մենք վերացրել ենք այդ խնդիրը, և հիմա ես՝ որպես Հայաստանի վարչապետ, կարող եմ երաշխավորել, որ մենք երբեք նման խնդիր չենք ունենա»,- ընդգծել է Փաշինյանը:

Share