Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան․ Չինացի գործարարները կարող են ներդրումներ անել նոր ճանապարհների կառուցման ոլորտում

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Չինաստանը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նման կարծիք է հայտնել չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չինաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Մենք փաստացի շատ լավ հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն ավելի ակտիվ ու զարգացած պետք է լինեն: Եվ մենք հույս ունենք Չինաստանի կողմից Հայաստանի տնտեսության մեջ նոր ներդրումներ տեսնել»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե ո՞ր ոլորտներում է Հայաստանը Չինաստանից ներդրումներ ակնկալում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է, որ չինացի գործարարները կարող են ներդրումներ անել նոր ճանապարհների կառուցման, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հայկական որոշ ապրանքներ ևս հասանելիություն կունենան չինական շուկայում: «Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների հետագա զարգացման շատ մեծ ներուժ կա»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է նաև Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունների զարգացումը: «Մենք այս հարցը քննարկել ենք նաև Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ: Ես Չինաստանի նախագահին հրավիրել եմ Հայաստան, և ես ինքս մեծ հաճույքով կայցելեմ Չինաստան»,- ասել է նա:

Share