Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի խնդիրները և մատնանշել լուծման ուղիները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիակա տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի պետական համալսարանի ռեկտոր Անդրեյ Կորոլի հետ: Հանդիպման ընթացքում հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Հատուկ ուշադրություն է հատկացվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջատար բուհերի ցանցային փոխգործակցության, տարածաշրջանային ինտեգրացիայի ոլորտում բարձր որակավորում ունեցվող մասնագետների պատրաստման և այլ հարցերի:

Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել համալսարանի ուսանողների և դասախոսների համար: ԵՏՀ կոլեգիայի նախագահը պատմել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների պատմության, յուրահատկության և ընթացիկ փուլի մասին: Նա շեշտը դրել է Միության առջև ծառացած  ակտուալ խնդիրների՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, անդամ երկրների կողմից երրորդ երկրներ արտահանումը խթանելու, Միության թվային օրակարագի իրականացման և այլ հարցերի վրա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն ընդգծել է դրական դերակատարումը, որ ունենում է Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրների տնտեսության զարգացման վրա: Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միությունում ավելացել են ներքին առևտրի ծավալները, փոխադարձ առևտրում 14 տոկոսով ավելացել է պատրաստի արտադրանքի բաժինը, Հայաստանի և Ղրղզստանի ազգային տնտեսությունների աճի տեմպերը երկու անգամ գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները: Տիգրան Սարգսյանը նկատել է՝ եթե չլիներ տնտեսական միությունը, դրա անդամ երկրների ազգային տնտեսությունների աճի տեմպերն ավելի ցածր կլինեին:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև Միության առջև ծառացած մարտահրավերները: Ամենաառանցքային մարտահրավերները, որոնք լուծման կարիք ունեն,  ԵՏՀ կոլեգիայի նախագահը համարել է միջազգային տնտեսական հարաբերություններում պրոտեկցիոնիզմի աճը, առկա խոչընդոտների վերացումն ու տնտեսական աճի ապահովումը, Եվրասիական տնտեսական միության շուկայում սահմանափակումների վերացումը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տրամաբանությունը տանում է  ոչ միայն առևտրատնտեսական կապերի խորացմանը, այլ նաև գլոբալ մակարդակում գոյակցության ընդհանուր ստանդարտների մշակման: Նրա խոսքով՝ այդ պայմաններում տարածաշրջանային տնտեսակական միությունները՝ որպես  աշխարհագրորեն, մշակութային և տնտեսական առումով իրար մոտ երկրների համատեղ գոյակցության ձևաչափ, այլընտրանք չունեն: «Աշխարհը գնում է ինտեգրացիայի ճանապարհով: Այդ գործընթացը կանգնեցնելն անհնար է»,- եզրափակել է Սարգսյանը:

Share