Բաժին. Տնտեսական

«Մենք» դաշինք․ 10 մլն և ավելի ներդրում անող ցանկացած ընկերություն 5 տարով պետք է ազատվի շահութահարկից

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը «Մենք» դաշինքի անդամները Շիրակում Էին:

Նրանք մարզ այցելությունը սկսեցին Արթիկ քաղաքից: Այնուհետև եղան Ամասիայում և Գյումրիում՝ ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագրերը: Դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գործազրկության, ստվերային դաշտի վերացման և ներդրումային դաշտի բարելավման խնդիրների մասին: «Ստվերն ու մենաշնորհը վերացնելն այն տարրական անհրաժեշտն է, որը պետք է անել. դա պարզապես պետք է տնտեսությունը զարգացնելու համար: Պետք է ստեղծել ներդրումների հնարավորություն՝ աշխատատեղ ստեղծելու համար: Հայաստանում 140 հազար աշխատատեղ պետությունը չի ստեղծելու, պետությունն իրավիճակ ու մթնոլորտ ապահովողն է, որը կբերի աշխատատեղերի բացման:

Օրինակ՝ մենք հստակ ասում ենք. 10 մլն և ավելի ներդրում անող ցանկացած ընկերության, ով 100 կամ ավելի աշխատատեղ է ստեղծում, 5 տարի ազատել շահութահարկից»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:«Հայաստանի տնտեսությունը՝ ամենաշատը տասը ընտանիքի պատկանող ընկերությունների միջոցով ունեզրկվել ու իրեն սպառել է: Պետք է ստեղծվի տնտեսական հստակ միջավայր, դա պետք է արվի օրենքներով ու քաղաքական կամքով: Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի՝ հաջողվեց բեկումնային խնդիր լուծել՝ այլևս վարչապետի կաբինետում չի որոշվում ով կամ ինչ ներկրի, բայց այն խոշոր տնտեսավարողները, որոնք ունեին այդ ահռելի հնարավորությունները, շարունակում են այդ դիրքում մնալ, իսկ սկսնակները հնարավորություն չունեն աճելու: Մոնոպոլիայի վերացումը կբերի գների կայունացում, աշխատատեղերի ավելացում: Ես վստահեցնում եմ՝ աշխարհում այլ զարգացման մոդել չկա»,- ընդգծեց «Մենք»-ի թեկնածուն:

Անդրադառնալով մարզերի համաչափ զարգացման խնդրին՝ Խաչատուր Քոքոբելյանը նշեց. «Ես դեմ եմ համաչափ զարգացմանը՝ եթե մարզերն ունեն հնարավորություն ավելի ու արագ զարգանալու, պետք է ավելի զարգանան, այդպես են զարգանում աշխարհում, այդպես է, օրինակ, բեռլինամերձ քաղաքներում՝ բնակարաններն այստեղ ավելի թանկ են, քան Բեռլինում: Մարզերն ունեն ավելի մեծ հնարավորություն ընդարձակվելու. օրինակ՝ եթե շահութահարկի 10 տոկոսը հատկացվի այն համայնքին, որ համայնքում այդ շահույթը ստեղծվում է, որպեսզի այդ համայնքի ղեկավարը շահագրգիռ լինի, որ այդ բիզնեսը զարգանա, այդ դեպքում Երևանի կենտրոնում գտնվող խոշոր կառույցները ավտոմատ, մեծ արագությամբ, կշարժվեն մարզեր, իսկ դա մինչ այս չի արվել, քանի որ բյուջեի ընդհանուր տնօրինման և բաշխման խնդիր է եղել»:

Դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն էլ, պատասխանելով լրագրողների՝ աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանն առնչվող խնդիրներին, նշեց՝ խնդիրներն ամենուր նույնն են. «Ես երբեք Հայաստանը տարածաշրջանների չեմ բաժանել և տեսնում եմ, որ խնդիրները պետք է լուծվեն բոլոր տեղերում՝ Ապարանում էլ է գործազրկության խնդիրն առաջնային, Ամասիայում էլ: Երկրորդ տեղում անվտանգության հարցն է, ապա զինվորների ծառայության: Շատ է խոսվում երիտասարդ կադրերի, կրթության ու առողջապահության որակի մասին: Սրանք թեմաներ են, որոնք գլոբալ մոտեցում են պահանջում: Մենք եվրոպական մոդելի պետության կողմնակից ենք և գտնում ենք , որ մեր զարգացումը պետք է լինի այդ ուղղությամբ»:

Արմենուհի Մխոյան

Share