Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը

ՀՀ կառավարությունը երաշխավորում է Հայաստանում կատարվող ներդրումների անվտանգությունը, իսկ ներդրումը պետք չէ կապել քվեի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աբովյան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին

«Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ ու ձեր քվեով հնարավորություն կտաք, որ դրանք շարունակվեն»։ Քվեն ու ներդրումը մեկը մյուսի հետ պետք է կապ չունենան։ Ներդրման ու քվեի կապը նշելը ճիշտ չէ։ Դա մի տեսակ հին Հայաստանի սիմվոլ է։ Ժողովուրդն այս տրամաբանությունը փոխել է։ Մեր կառավարությունը երաշխավորում է բոլոր ներդրումների անվտանգությունը՝ անկախ այդ ներդրողների քաղաքական պատկանելիությունից, եթե դրանք արվում են օրենքին համապատասխան»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այսօր գործարարների մեծ մասը պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։

«Այսօր գործարարների 95 ու ավելի տոկոսը պատգամավորի թեկնածու առաջադրված չէ, բայց նրանք շարունակում են ներդրումներ անել։ Ովքեր պատգամավոր չեն առաջադրվել, պետք է իմանան, որ դա գործարարի կարգավիճակի նսեմացում չէ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք որևէ գործարարի չեն պարտադրել, որ իրենց համար ընտրություններում ձայներ ապահովի։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Share