Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան․ 2018 թ ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով

2019 թ. կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Վեդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«2018 թ. ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով։ Սա նաև Վեդիի տարածաշրջանի, ընդհանրապես Արարատի մարզի մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքն է։ Բայց ավելի կարևոր է, որ մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, և դա մեր կառավարության հիմնական խնդիրներից մեկն է լինելու։ Մեր գյուղատնտեսությունը մեծ մասամբ կախված է եղանակային պայմաններից, բայց 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մենք կարողանանք բերքի որոշակի ծավալ ապահովել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ տեղական արտադրության հակակարկտային կայաններն արդյունավետ են աշխատում, եթե ճիշտ են օգտագործվում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

Share