Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Կայացել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 34-րդ նիստը

2018 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի 34-րդ նիստը:

Նիստի շրջանակում քննարկվել են 2017-2018թթ. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքները, առաջիկա տարիների ռազմավարական գերակա ուղղությունները, ձեռնարկվելիք միջոցառումները, ինչպես նաև մի շարք կարևորագույն հայեցակարգեր՝ ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործերի քննության արդյունավետության բարձրացմանը և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկայի բարելավմանը: Մասնավորապես, առաջարկվել է ծանր հանցագործությունների դեպքում ներդնել մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման ինստիտուտը, ինչպես նաև սահմանել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմներ և ընթացակարգեր: Այս առնչությամբ Հանձնաժողովի անդամ գերատեսչությունների կողմից կարևորվել է նաև հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրմամբ գույքի բռնագանձմանը վերաբերող ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման արդյունավետության բարձրացումը: Քննարկման արդյունքներով Հանձնաժողովը որոշել է, որ այս ինստիտուտների ներդրման նպատակով շահագրգիռ բոլոր գերատեսչություններից  բաղկացած աշխատանքային խմբերը պետք է իրականացնեն խորացված և համալիր ուսումնասիրություններ ՀՀ-ում այդ ինստիտուտների ներդրման ուղիների, եղանակների վերաբերյալ և մշակեն համապատասխան իրավական ակտերի նախագծերը:

Հանձնաժողովը քննարկել և որոշումներ է կայացրել նաև իր աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերով: Մասնավորապես, պայմանավորված ՀՀ սահմանադրության 2015թ.-ի փոփոխություններով՝ որոշվել է փոփոխություններ կատարել Հանձնաժողովի կազմում և վերջինիս նորացված կազմը հաստատել ՀՀ վարչապետի որոշմամբ:

Նիստի օրակարգի հարցերի քննարկման արդյունքներով Հանձնաժողովի անդամները ընդգծել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում շարունականան և հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը և այդ կապացությամբ Հանձնաժողովի՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի դերն ու կարևորությունը:

Share