Բաժին. Տնտեսական

Փոխվարչապետ Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և ՀԲ-ի փոխգործակցության օրակարգը: Սիլվի Բոսութղոն նշեց, որ մոտ ապագայում սպասվում է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահի այցը, ինչպես նաև պատրաստվում է Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Վերջինս խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում: Տիգրան Ավինյանն ասաց, որ մյուս շաբաթ Ազգային ժողով կներկայացվի կառավարության ծրագիրը, որը հիմնված է ներառական աճի մոդելի վրա:

Զրուցակիցներն անդրադարձան նաև մեկ օր առաջ տեղի ունեցած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: ՀԲ ներկայացուցիչները շնորհավորեցին կառավարությանը բավականին կարճ ժամանակամիջոցում այս ոլորտում գրանցած հաջողությունների համար, կարևորեցին EITI բազմաշահառու խմբի գործունեությունը և նշեցին, որ Բանկը կշարունակի աջակցությունը EITI-ի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումներին:

Անդրադարձ կատարվեց նաև ՀԲ-ի աջակցությամբ առաջիկայում մշակվելիք հանքարդյունաբերության ռազմավարությանը, որի նախապատրաստման փուլում այժմ իրականացվում են ոլորտի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և առողջապահական ազդեցության գնահատումներ: Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է լինի պատասխանատու, և թափանցիկությունն ու հաշվետվողականությունն այս ոլորտում առաջնային նշանակություն ունեն, քանի որ նախկինում դրանց բացակայությունն այսօր բերել է մի շարք խնդիրների առաջացմանը:

Share