Բաժին. Տնտեսական

Արցախը խթանում է զբոսաշրջությունը. պետտուրք չի գանձվի 21-օրյա մուտքի արտոնագրի համար

Արցախի կառավարության փետրվարի 1-ին կայացած նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար։ Նախատեսված օրենսդրական փոփոխության նպատակն է խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։ 

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որն ուղարկվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը։

2018 թվականին Արցախի Հանրապետություն է այցելել 28 588 զբոսաշրջիկ, ինչը 23%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Share