Բաժին. Տնտեսական

Դաշտավանում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում կբացվի նաև մեծ կոկորդիլոսաբուծարան՝ կստեղծվի 300-500 աշխատատեղ

Հայաստանցի գործարարը Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան այլ պետություններից Հայաստան է ներմուծելու կոկորդիլոսի ձվեր: Կոկորդիլոսները սկզբում կլինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում, այնուհետև կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախաձեռնության հեղինակ «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից, աշխատում ենք 3-4 տարբեր բուծարանների հետ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Զամբիայում: Այնուհետև բերելու ենք նեղոսյան կոկորդիլոսներ: Նպատակը  Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելն է: Այնտեղ, կոկորդիլոսներից բացի, լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքից, և կոկորդիլոսի բուծարանն այդ ենթակառուցվածքներից մեկն է: Այգում լինելու են ենթակառուցվածքներ երեխաների համար, խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են ընտրել հենց կոկորդիլոսներ՝ նա ասաց, թե կարծում է, որ դրանք զբոսաշրջիկների համար գրավիչ կլինեն: «Մենք հիմնականում շեշտը դնում ենք զբոսաշրջիկների վրա: Յուրաքանչյուր 10 զբոսաշրջիկից երկուսը կգան այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու համար: Նման բան գոյություն չունի ողջ տարածաշրջանում»,- նշեց ընկերության հիմնադիրը:

Կոկորդիլոսներ ներմուծելու համար ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է դիմել դեռ նախորդ իշխանությունների օրոք: «Մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում, սակայն այն մեզ չէր հետաքրքրում: Հետո մենք նամակներ ուղարկեցինք Արմավիրի և Արարատի մարզեր: Արարատի մարզպետից անմիջապես պատասխան ստացանք և հանդիպեցինք: Նրանք մեզ առաջարկեցին մի շարք տարածքներ, ընտրեցինք մեկը Դաշտավան համայնքում, համայնքի ներկայացուցիչների հետ ունեցանք քննարկում: Հողը դեռ չենք գնել, պետությունը մեզ ոչինչ չի տալիս: Մեզ պետությունից ոչինչ հարկավոր չէ, սա մասնավոր բիզնես է: Մենք գնելու ենք 30 տարուց ավելի անմշակ մնացած 20-25 հա տարածք»,-ասաց Սարգսյանը:

Նա նաև շեշտեց, որի Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ խնդիր չունեն: «Խնդիր է միայն կոդը: Քանի որ սա առաջին դեպքն է, որ կոկորդիլոս ենք բերելու Հայաստան, ՊԵԿ-ը չունի դրա համար համապատասխան կոդը։ Սակայն արդեն ՊԵԿ-ի հետ ճշտել ենք, թե կոկորդիլոսներն ինչ կոդով պետք է ներկրենք: Պարզ դարձավ, որ եթե ձու ենք ներկրելու, լինելու է թռչունի անվան տակ, իսկ եթե կենդանի կոկորդիլոս, ուրեմն կենդանու անվան տակ»,- ասաց Սարգսյանը:

Ծրագիրը, հավանաբար, կսկսվի մարտի 1-ից: Նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հետագայում օգտագործել նաև կոկորդիլոսի կաշին: Սակայն դրա համար դեռ 7-10 տարի ժամանակ է պետք։ Կաշվի վերամշակման գործարան կստեղծվի Գյումրիում: Սարգսյանը նշեց նաև, որ ծրագրի իրագործման արդյունքում նախատեսում են 300-500 աշխատատեղ ստեղծել:

Share