Բաժին. Տնտեսական

Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ իրականացրել է բեռնափոխադրում դեպի Ղրղզստան

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ կազմակերպել և իրականացրել է բեռնափոխադրում Հայաստանից Ղրղզստան: 192 երկաթուղային կայարան և 7 երկրների սահման անցնելուց հետո՝ 2019 թվականի հունվարին ԿՈՄԱՑՈՒ PC 300 էքսկավատորը հասել է ղրղզական Ալամեդին քաղաք:

Առաջին այս բեռնափոխադրումն իրականացվել էր Հայաստանում Komatsu-ի պաշտոնական ներկայացուցիչ, «ԻԿՈ Մաշիների» ՍՊԸ-ի պատվերով: Տեխնիկայի փոխադրումը Կարմիր Բլուր կայարանից մինչև Ալամեդին կայարան անցել է նախատեսվածի համաձայն, ինչին նախորդել է լուրջ նախապատրաստողական աշխատանք՝ այդ թվում փոխադրումի համաձայնեցումը 7 երկաթուղային վարչությունների և մեկ նավահանգստի հետ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագիտական մոտեցումը և աշխատակիցների փորձը, համագործակցությունը բեռնման և բեռնաթափման աշխատանքներ իրականացնող «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ-ի հետ, թույլ տվեցին մշակել առավել քան մրցակցային գին ունեցող որակյալ ծառայություն:

Նման ոչ ստանդարտ չափսեր ունեցող տեխնիկայի դեռևս միակ փոխադրումը Ղրղզստան իրագործվել է հաջող, ինչը բարձր գնահատականի արժանացավ «ՀԿԵ» ՓԲԸ գործընկերի կողմից: «ԻԿՈ Մաշիների» ՍՊԸ լոգիստիկայի գծով տնօրենը նշեց.

– Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում «ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմին կատարված աշխատանքի համար: Ընկերությունն ապահովել է Հայաստանից Ղրղզստան էքսկավատորի անվտանգ փոխադրումը: Շնորհակալություն ենք հայտնում մատուցված ծառայությունների և համագործակցության համար, մաղթում նորանոր հաջողություններ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share