Բաժին. Տնտեսական

Կառավարության ծրագիր. Գյուղատնտեսություն

Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը:

Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա-կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատա¬կայ-նորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։

Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի։

Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղա-տնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես խնայելու ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է արդյունավետ հակակարկտային համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցներ կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։ Այս նպատակին հասնելու համար Կառավարությունը պարտավորվում է բարձրացնել սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ:

Կառավարությունը նաև գործուն քայլեր է ձեռնարկելու մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներն առավե-լագույնս բավարարելու ուղղությամբ։

Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ներուժն օգտագործելու գործում Կառավարությունը նախատեսում է մշակել դեպի նոր շուկաներ արտահանմանն աջակցող մեխանիզմներ:

Նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին Կառավարությունը խնդիր է դրել նաև՝

– օժանդակել կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանել կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ.

– ստեղծել կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերներ և նպաստել գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտա-արտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը.

– աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնո-լոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը.

– իրականացնել տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր, ինչպես նաև աջակցել տոհմաբուծարանների ստեղծմանը.

– նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը.

– ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը.

– ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը.

– ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը.

– սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը։

Share