Բաժին. Տնտեսական

Միքայել Մելքումյանը կառավարության ծրագրի նախագծում կարևորում է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամ սահմանելը

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության ծրագրի նախագծում եկամտահարկի շեմը 115 մլն դրամ դարձնելը դրական փոփոխություն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Անցյալ տարի ես երկու անգամ շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից չիջնի 55.35 մլնի: Հունվարից, փաստորեն իջել է: Դա փոքր և միջին բիզնեսի համար կենսական նշանակություն ունի: Ես ուրախությամբ տեսնում եմ, որ կառավարության ծրագրում 115 մլն դրամը պահպանվում է»,-ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե կառավարության ծրագրում շատ թվեր չկան, Մելքումյանը նշեց, որ որոշ կարևոր թվեր կան, որոշ անհրաժեշտ թվեր էլ չկան:

«Ես որպես տնտեսագետ հասկանում եմ, որ դրվում է ավելի շատ ազատական տնտեսության մոդելային հիմքը, այսինքն, որ չլինի կոռուպցիա, չլինի արհեստական մենաշնորհ, լինի դատաիրավական համակարգի անկախություն և ինքնաբերաբար տնտեսությունն աճի»-ասաց նա ու հավելեց՝ սակայն պետք է դրվեն նաև կոնկրետ չափելի ցուցանիշներ:

Նա նաև նշեց, որ կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցության ամբողջական կարծիքի համար պետք է դեռ պաշտոնական քննարկում ունենան:

Նախորդ տարվա հունիսին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել  շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված էր շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ:

Փետրվարի 8-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:

Share