Բաժին. Տնտեսական

Ի-Վի Քոնսալթինգ. Զբաղվածության աճ ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 7% տնտեսական աճ

ՀՀ կառավարության կողմից հրապարակված կառավարության ծրագիրը թիրախում է առնվազն 5% տնտեսական աճ, որի արդյունքում ակնկալվում է աղքատության և գործազրկության մակարդակի «էապես» կրճատում։ Միաժամանակ, արդարացիորեն նշվում է, որ տնտեսության մրցունակությունը և աճն ապահովելու համար անհրաժեշտ է խթանել տեխնոլոգիական վերազինումը և աշխատակիցների հմտությունների զարգացումը, այն է, արտադրողականության բարձրացումը։

Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում արտադրողականության տարեկան միջին աճի տեմպը (CAGR) կազմել է 6%: Մինչդեռ նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ն աճել է ընդամենը տարեկան 3.5%-ով, ինչի արդյունքում զբաղվածության մակարդակը տարեկան նվազել է 2.2%-ով։

Աշխատանքի արտադրողականության ցուցանիշով մենք դեռևս էականորեն զիջում ենք մեր հիմնական առևտրային գործընկերներին, մասնավորապես, 2 անգամ հետ ենք Ռուսաստանի մակարդակից (առանց մետաղական հանքարդյունաբերության արտահանումների)։ Հետևաբար, որպեսզի ապահովենք տնտեսության հետագա մրցունակությունը և տնտեսական աճը, ապա անհրաժեշտ է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում տնտեսությունում արտադրողականության աճի միտումը պահպանվի առնվազն նույն մակարդակի մոտակայքում (6% տարեկան աճ)։

Հաշվի առնելով վերոնշյալ պայմանները՝ կառավարության ծրագրի հրապարակված նախագծում թիրախավորված նվազագույն մակարդակի կատարողականը, այն է ՀՆԱ 5% տարեկան աճը, ոչ միայն էականորեն չի նվազեցնի գործազրկությունը, այլև հնարավորություն չի տա նվազեցնել գործազրկության ներկայիս մակարդակը։

Վերջինիս համար անհրաժեշտ կլինի տնտեսական աճի 7 և ավել տոկոսի թիրախավորում։ Իսկ 5 տարվա ընթացքում գործազրկությունը մինչև բնական մակարդակ (5-6%) նվազեցնելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 9% տարեկան անընդհատ տնտեսական աճ։

Ի-Վի Քոնսալթինգ գործարար խորհրդատվական ընկերություն

Share