Բաժին. Տնտեսական

Հայաստանում արգելում են պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 2019 թվականի հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

 «Օրենքի նախագծով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ: Ըստ նախնական հետազոտության՝ այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի»,-նշել է Արմեն Վարդանյանը:

Մարտի 5-ին ժամը 17։00-ին բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում էլ տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։

Նախագծի փաթեթը ներկայացված է e-draft.am հարթակում:

Հայաստանյան մի շարք սուպերմարկետներ արդեն մի քանի տարի պոլիէթիլենային տոպրակները վաճառում են 10 դրամով ՝ գնված ապրանքը տեղավորելուց առաջ գնորդից ճշտելով՝ արդյոք ցանկանում են դրանք տեղափոխել տոպրակով:

Share