Բաժին. Տնտեսական

Երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի մաքսատուրքն ավելանալու է

ԵԱՏՄ-ն երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի և ադամանդների համար 2019-ից կիրառվում է 3 տոկոս մաքսատուրք:  Մինչ 2022 թ. ոսկյա իրերի համար մաքսատուրքը հասնելու է 15 տոկոսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մաքսատուրքերը, որոնք երրորդ երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառող արժեքային գործիք են, նպատակ ունեն պաշտպանել ներքին տարածքը և ներքին շահերը: Դրանք ունեն և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: ԵԱՏՄ -ն երրորդ երկրներից ներկրվող ոսկուց իրերի և ադամանդների նկատմամբ կիրառում է ներմուծման մաքսատուրք: Մասնավորապես 2019-ին Հայաստանի համար վերցված անցումային, լրիվ արտոնյալ ժամանակն արդեն ավարտված է: Եվ 2019-ի հունվարի 1-ից ադամանդների, ոսկե իրերի ներկրման դեպքում 3-տոկոսանոց մաքսատուրքեր են կիրառվում»,- ասաց նախարարը:

2020 թ. այդ մաքսատուրքը դառնալու է 6 տոկոս: 2021-ին ադամանդների համար մաքսատուրքը լինելու է 10 տոկոս, իսկ ոսկե իրերի համար՝ 9 տոկոս:  2022-ին ոսկե իրերի համար մաքսատուրքը դառնալու է 15 տոկոս: Այդպիսով, ավարտվելու է այդ անցումային ժամանակը:

Նախարարը ներկայացրեց այն սահամանփակումները և այն հնարավորությունները, որոնք կարող են առաջանալ այդ մաքսատուրքերի արդյունքում: «Ոսկե ձուլակտորները ներկրվում են ԵԱՏՄ տարածքից, Հայաստանում ոսկեգործական ձեռնարկություններում մշակվում են, արտահանվում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ առանց մաքսատուրքերի: Այսինքն՝ 10 տոկոսով ադամանդե քարերի կամ 15 տոկոսով ոսկու արտադրանքի նկատմամբ տարիֆային սահմանափակումը հնարավորություն է ստեղծում այն արտադրությունների զարգացման համար, որոնք կողմնորոշված են դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ մյուս անդամն երկրներ»,-ասաց Խաչատրյանը:

Նա, միևնույն ժամանակ, նկատեց, որ  դա միաժամանակ սահմանափակում է առաջացնում այն ընկերությունների համար, որոնք եվրոպական կազմակերպությունների հետ ունեին համագործակցություն, ներկրում էին ոսկեգործական իրերի կիսապատրաստվածքներ, լրացուցիչ աշխատանք էին կատարում ու արտահանում եվրոպական երկրներ:

Share