Բաժին. Տնտեսական

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրելու օրինագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով նախատեսվում է, որ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչև այս տարվա մայիսի 1-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և մարտի 13-ին դրական եզրակացությամբ կքննարկվի լիագումար նիստում:

«Պետական կառավարման շահագրգիռ անդամների և «Ղեկը` աջ»  նախաձեռնության անդամների հետ շարունակական քննարկումների արդյունքում մշակվել և  կառավարության հավանությանն է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրա ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և Հայաստանի մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչ 2018-ի դեկտեմբեի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչ սույն թվականի մայիսի 1-ը»,-ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա շեշտեց, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018թ ընթացքում: Իսկ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն առաջարկություն կներկայացնի նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում, որի արդյունքում կթույլատրվի սույն օրենքի հիման վրա ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը` առանց ղեկային համակարգի տեղափոխման:

Share