Տնտեսական | 16:28 12/03/19

Ինչու՞ Apple-ը չի կարող իր արտադրությունն ԱՄՆ տեղափոխել

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Apple-ի սարքավորումների արտադրությունն իր հայրենի Ամերիկա տեղափոխելու ցանկության մասին, սակայն Apple-ն ինքը ոգևորված չէ այդ նախաձեռնությամբ:

Իհարկե, գայթակղության հիմքը փողն է, բայց հատկապես ինչումն է խնդիրը։ Չինաստանում iPhone-ի և Apple-ի մնացած սարքերի արտադրության տարիների ընթացքում, այնտեղ արդեն ձևավորվել է մասերի մատակարարման, աշխատողներին վարձելու, աշխատանքային գործընթացների կազմակերպման հետ կապված կարգավորված համակարգ: Անդրադառնանք այս կետերից յուրաքանչյուրին։

Բաղադրիչներ

Իրականում այսօր iPhone-ի համար բացարձակապես ոչինչ չի արտադրվում ԱՄՆ-ի տարածքում։ Չինաստանում արտադրվող մասերն ընկերության համար մեկ հեռախոսի հաշվով կազմում են 10 դոլար, իսկ ծախսերի մեծ մասը առաջանում են այն բաղադրիչների հաշվով, որոնք արտադրվում են Կորեայում, Թայվանում, Գերմանիայում և այլ երկրներում։

Պետք է հաշվի առնել, որ այս բոլոր բաղադրիչները հավաքվում են լիովին ռոբոտիզացված ավտոմատացված գործարաններում, որտեղ աշխատող մարդկանց քանակը նվազագույնի է հասցված։Բայց պետք չէ կարծել, որ առանձին բաղադրիչների՝ ձեռքով հավաքման համար վճարելու անհրաժեշտության բացակայության շնորհիվ այս փուլը պարզապես գռոշներ է արժենում ընկերության համար։ Ընդհակառակը, սա կազմում է նոր արտադրանք ստեղծելու համար Apple-ի հիմնական ծախսերը։ Թիմ Քուքը և Ջոնի Իվը խելահեղ փողեր են վճարում այն ընկերություններին, որոնք մասնագիտանում են ավտոմատիզացված համակարգերի ստեղծմամբ։ Առանցքային խնդիրն հենց այն է, որ այդ ընկերություններից ոչ մեկը ԱՄՆ-ում չի գտնվում։

Աշխատուժ

Չինական գործարանների ծառայություններից օգտվելու Apple-ի հիմնական շարժառիթներից մեկը մաքսիմալ էժան աշխատուժն է։ Ավելի վաղ Չինաստանում հավաքարարը վարձադրվում էր ժամում 2․1 դոլար, սակայն հետո, երբ այդ փաստը հայտնի դարձավ շատերին, և ժողովուրդը բառացիորեն ապստամբություն սկսեց, վարձատրությունը բարձրացրին մինչև 3․15 դոլար, սակայն վերջինս նույնպես ոչ մի կերպ չի կարելի համեմատել ամերիկյան նորմաների հետ։ Եթե Apple-ի արտադրությունը այնուամենայնիվ տեղափոխվեր ԱՄՆ, ոչ ոք 10-15 դոլարից պակաս վճարվելու դեպքում չէր մոտենա հաստոցներին։ Եվս մեկ կարևոր տարբերություն ամերիկացի և չինացի աշխատակիցների միջև հանդիսանում է մտածելակերպը։ Ըստ էության, սա է ստիպել Ջոբսին դեռ հեռավոր 2007թ․-ին հենց Չինաստանում սկսել առաջին iPhone-ի արտադրությունը։ Ահա թե ինչ էր տեղի ունեցել․ փորձարկումների ժամանակ Սթիվը դեռ վաճառքից մի քանի ամիս առաջ հեռախոսի նախատիպը գրպանում էր պահում։ Եվ քանի որ նախապես որոշվել էր, որ հեռախոսի էկրանը պլաստիկից է լինելու, այլ ոչ ապակուց, այդ ամիսների ընթացքում հեռախոսի էկրանը քերծվածքների սարդոստայնով էր ծածկվել։ Բառացիորեն վաճառքի մեկնարկից մեկ ամիս առաջ Սթիվը ընկալեց ամբողջ իրավիճակի «անհամությունը» և ,ինչպես միշտ, իր ինժեներների առջև դրեց գործնականորեն անհնարին առաջադրանք․ վերակառուցել բոլոր արտադրատեսակները՝ փոխարինելով պլաստիկ էկրանը ապակիով: Վատթարագույնն այն էր, որ մասերն արտադրող ընկերությունները պաշտպանիչ ապակի չունեին պահեստներում։ Այդ ժամանակ էր, որ մտածելակերպի տխրահռչակ տարբերությունը մեծ դեր խաղաց։ ԱՄՆ-ում սովորական աշխատողին մեկ է, որ վերջնածամկետն է մոտենում, նա ինչ որ մեկի համար չի պատրաստվում նորմայից դուրս աշխատել, իսկ Չինաստանում ժողովուրդը կարևորում է աշխատանքի տարրական առկայությունը։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ ավարտվեց Apple-ի համար․ չինացիները առաջադրանքը կատարեցին ընդամենը 6 շաբաթում, և Սթիվն էլ գոհ մնաց։

Արտադրություն

Ինչպես արդեն ասվել է, iPhone-ը, որը Apple-ի շահույթի առյուծի բաժինն է կազմում, ամբողջովին պատրաստված է ներմուծված դետալներից։ Ընկերությանը չի հաջողվել հավաքել Չինաստանի բոլոր արտադրողներին, չնայած առաջին հայացքից դրա համար ստեղծված են բոլոր պայմանները, որոնցից գլխավորը հանդիսանում է Foxconn քաղաք-գործարանը։ Ինչու՞ քաղաք։ Բանն այն է, որ այնտեղ միաժամանակ աշխատում են 230,000 մարդ։ Չինական Foxconn-ը երբեմն անվանում են iPod City։ Նրա տարածքում կան հիվանդանոցներ, հրդեհային կայաններ, դպրոցներ, բանկեր, սուպերմարկետներ և այլ ենթակառուցվածքներ: Եթե կուպերտինոցիները (Apple-ի աշխատակիցները) ցանկանան նմանատիպ վայր ստեղծել իրենց հայրենիքում, ապա հաշվի առնելով ԱՄՆ-ում աշխատակիցների միջին աշխատավարձը՝ նրանք ստիպված կլինեն յուրաքանչյուր հեռախոսի վրա ծախսել 1․7 անգամ ավել, քան հիմա։ Բացի դա, Ամերիկայում 230 հազար աշխատունակ բնակչությամբ քաղաքների թիվը չի անցնում 50-60 սահմանը, ավելին` Նյու-Յորքի կամ Հյուսթոնի նման խոշորագույն մեգապոլիսներում սարքավորման միօրինակ հավաքումը, մեղմ ասած, այնքան էլ հարգի աշխատանք չի համարվում։

Քաղաքականություն

Apple-ի «վերադարձը» նախաձեռնողը մոբայլ արդյունաբերությունից ինչ-որ վերլուծաբան չէ, այլ հենց ինքը՝ ԱՄՆ-ի նախագահը։ Իհարկե, երկար ժամանակ կարող ենք խոսել Դոնալդ Թրամփի անձի և նրա կողմից կայացրած որոշումների ադեկվատության աստիճանի մասին, սակայն այժմ ամերիկյան առաջնորդը չափն անցնում է՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմ սադրելով։ Այս կոնֆլիկտը հարկադրեց Թրամփին նման ամպագոռգոռ հայտարարություն անել Apple-ի վերաբերյալ, միևնույն ժամանակ նա իրենն ավելի ու ավելի է պնդում։ Եթե անցած տարի նրա հայտարարությունները «բարձրաձայն մտքեր» էին թվում, ապա վերջին ժամանակներում ԱՄՆ-ի նախագահը բացահայտ հայտարարում է Apple-ի սարքերի արտադրությունը իր ողջ վերահսկողության ներքո գտնվող տարածք տեղափոխելու իր անզուսպ ցանկության մասին։ Պարզ է, որ այս կերպ Թրամփը ուզում է և՛ պահպանել Apple-ը՝ որպես ամերիկյան ամենահայտնի ապրանքանիշ, և՛ Չինաստանի հանդեպ հնարավորինս շուտ արմատական տնտեսական սանկցիաներ կիրառել։

Եզրակացություն

Եթե խոսենք Apple-ի ճակատագրից, ապա ընկերության ապագան կախված է նրանից, թե ինչ դուրս կգա Չինաստանի հետ անիմաստ առևտրային առճակատման արդյունքում։ Եթե կողմերին հաջողվի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա Չինաստանը կշարունակի դրոշմել iPhone-ների և MacBooks-երի վրա: Հակառակ դեպքում՝ Apple-ի կարգավորված մատակարարման շղթան ջուրը կթափվի, և այդ դեպքում դժվար է ասել, թե Apple-ը կունենա արդյոք բավականաչափ միջոցներ (անգամ պետական սուբսիդավորման հաշվին) ԱՄն-ում արտադրությունը վերսկսելու համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։