Բաժին. Տնտեսական

Վիվասել-ՄՏՍ. Քարագլուխ գյուղում ավարտվել է Էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլը

Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով:

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ավարտվել են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Այս անգամ լուսավորվել են երկորդական փողոցները՝ լուսավորելով 1900մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 51 LED լուսարձակ:

Գյուղում արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: Գործակցող կողմերի շնորհիվ, արտաքին լուսավորության ժամանակակից լուծումն այս գյուղ է մտել 2017 թվականի ձմռանը: Այդ ժամանակ լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:

Քարագլխի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Այն ոչ միայն արդյունավետ է էներգիայի խնայողության, ֆինանսական միջոցների տնտեսման, այլև երեկոյան ժամերին՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու առումով:  Ըստ էության, էներգախնայող համակարգի ներդրումը համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

«Հայաստանում տարեցտարի ավելանում են էներգախնայող համակարգից օգտվող գյուղերը: Դա կարևոր ձեռքբերում է բոլոր կողմերի համար: Որպես ծրագիրն իրականացնողներ՝ կարող ենք արձանագրել, որ այս ուղղությամբ կատարվող ներդրումներն արդարացված են: Մենք նպաստում ենք ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև անմիջական աջակցություն ենք ապահովում  համայնքային միջոցների խնայողության հարցում և մասամբ էլ նպաստում գյուղերի համաչափ զարգացմանը: Բնակավայրերից շատերի բնակիչներն արդեն հասցրել են քիչ թե շատ զգալ համակարգի արդյունավետությունը: Ծրագիրը երկարաժամկետ է և առավել ընդգծված օգուտ է ապահովելու տարիներ անց»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

———–

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share