Տնտեսական | 09:15 14/03/19

Ժողովուրդ. Պատրաստվեք. Օպերայի սրճարաններից հետո կանցնեն Օղակաձեւ այգուն

«Երեւանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երեւանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով:

Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս դերասան ժամանակ հնչեցրած երգերը:

Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ: Բանը հասավ անգամ «կարմիր բերետավորների» միջամտությանը:

Մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը: «Ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որեւէ իրավական հիմք առկա չէ: Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետեւաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա:

Ավելին, ըստ Մարտիրոսյանի՝ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, եւ որոշում կկայացվի»:

Իսկ մինչ այդ նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաեւ Օղակաձեւ զբոսայգում՝ այնտեղից եւս հանելով կառուցված, բայց եւ չգործող սրճարանները», - գրում է Ժողովուրդ օրաթերթը: