Բաժին. Տնտեսական

«ԱՅՍԵԿ-Հայաստան»-ը մեկնարկել է հայ երիտասարդների շրջանում առաջնորդությունը զարգացնելուն ուղղված եռօրյա սեմինար

Մարտին 22-ին Աղվերանում մեկնարկել է հայ երիտասարդների շրջանում առաջնորդությունը զարգացնելուն ուղղված եռօրյա սեմինար (NLDS, National Leadership Development Seminar), որի շրջանակում քննարկվելու են երիտասարդությանը հետաքրքրող և կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ առաջնորդություն, թվային մարքեթինգ, ձեռնարկատիրության զարգացում, երազանքի աշխատանքը գտնելու համար հաջողակ ինքնակենսագրական (CV) կազմելու հմտություններ և այլն:

Սեմինարը, որին մասնակցում է ավելի քան 170 հայ երիտասարդ, կազմակերպել է «ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը, որն այս տարի նշում է իր գործունեության 30 ամյակը: Սեմինարը  կազմակերպվել է «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի գործընկերների աջակցությամբ: Գործընկերների շարքում են «Յուքոմ» ընկերությունը, «Պեպսի Արմենիա»-ն, Ամերիաբանկը, Business Development Group-ը (BDG), «ԱՎՐՈՐԱ ԲԱՐԵԱԼԻՍ» մարքեթինգային և բրենդինգային գործակալությունը: Որպես գլխավոր գործընկեր՝ «Յուքոմ» ընկերությունը ներկայացել է դասախոսությամբ՝ թե որոնք են լինելու ապագայի աշխատանքներն ու ինչպես կարելի է պատրաստվել դրանց:

«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1989 թվականից: AIESEC-ը Երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա է, որը ստեղծվել է 1948 թվականին և համախմբում է ուսանողական խնդիրներով, առաջնորդությամբ ու կառավարմամբ հետաքրքրված ուսանողներին: Ներկայում կազմակերպությունը գործում է 120 երկրում, համագործակցում է աշխարհի ավելի քան 1700 համալսարանների հետ, ունի շուրջ 40 հազար անդամ ամբողջ աշխարհում: Լինելով միջազգային, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող և մինչև 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝  AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը և դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:

«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) կազմակերպությունը սերտ համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ հայ ուսանողների համար մշակելու համատեղ ծրագրեր տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ, մասնակցելու միջազգային համաժողովների և սեմինարների, լինելու ներգրավված համաշխարհային ուսումնական մթնոլորտին: AIESEC կազմակերպության միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով հայ երիտասարդները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու տարբեր երկրներում իրականացող մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և կուտակելու գիտելիք ու միջազգային փորձ:

Այսօր «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ն ունի 170 ակտիվ անդամ և շուրջ 2000 շրջանավարտ: Տարեկան կազմակերպությունն իրականացնում է միջինը 50 փոխանակման ծրագիր:

Share