Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ:

Դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները»:

Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլև՝ Նահագների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ դարձնելու գործում կարևոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։

Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները և ընդգծել․ «Մենք ներկա ծրագրում արել ենք կարևոր շեշտադրում՝ տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով, տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության խնդրին և այս համատեքստում քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության և վերազինման խնդիրները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և դեսպանը առաջանցիկ տնտեսական զարգմացման ապահովման տեսանկյունից քննարկել են ժամանակակից կրթության որակի բարելավման, սեփականության իրավունքների պաշտպանության և գործող վարչարարության առավելագույն կրճատման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։

Share