Բաժին. Տնտեսական

Ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության լիազոր մարմինների 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը

Ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի և Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջև 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը»:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։

Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջև և նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային ներուժի աճին։

2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է․

– Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը,

– հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը,

– զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների և լրագրողների փոխանակումը,

– երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև զբոսաշրջային և հյուրընկալության ոլորտի կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության և փորձագետների փոխանակումը,

– երկու պետությունների զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը և համատեղ կրթական ծրագրերի իրականացումը,

– զբոսաշրջության ոլորտում ներդրումներ իրականացնող հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային և վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների և հյուրանոցների մեծ ներուժը և ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու առողջարանների որակի բարձրացմանը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։

Share