Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. 3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արվել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կա 3.3 միլիարդ դոլար հանրագումարով երկու խումբ ներդրումային ծրագիր, որոնք քննարկման տարբեր մակարդակներում են գտնվում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ դիմում են կառավարությանը՝ այս կամ այն կերպ աջակցություն խնդրելու դիմումով,մենք հաշվառում են, պարբերաբար զեկուցում վարչապետի աշխատակազմ, որպեսզի հնարավոր լինի հետագայում հետևել յուրաքանչյուր ծրագրի զարգացումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են և պահանջում են լուծումներ, ինչպես նաև հետևել՝ արդյոք ամեն ինչ նորմալ է», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը տարբեր ոլորտներում են՝ էներգետիկա, քաղաքաշինություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ դա գաղտնի ցուցակ չէ, ինքն այն կարող է տրամադրել։

Հարցին՝ կոնկրետ ներդրումներ կա՞ն, նախարարը պատասխանեց. «3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր, որոնց ուղղությամբ, այո, քայլեր են արված։ Մի դեպքում սարքավորումներ են ներկրված և արդեն պատրաստ են մոնտաժման, մի դեպքում՝ դրանք ճանապարհին են, մի դեպքում՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այսինքն՝ բազմաթիվ տարբեր զարգացումներ կան»:

Share