Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյանը «Բեսթ ֆուդ» ընկերության մասին առաջին անգամ է լսում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Բեսթ ֆուդ» ընկերության մասին առաջին անգամ է լսում: Այդ մասին Դավիթ Անանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե «Սպայկա» ընկերությանը գյուղատնտեսական ապրանք արտահանելու գործում փոխարինելու է «Բեսթ ֆուդ»-ը:

«Առաջին անգամ եմ լսում այս ընկերության մասին: «Սպայկա»-ի ղեկավարության արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում: Եթե տնտեսագիտական կողմը նայենք, ապա մենք որպես կառավարություն ամեն ինչ անելու ենք, որ «Սպայկա»-ն որպես տնտեսավարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի: Բայց այստեղ դիլեմայի առաջ ենք մենք կանգնած, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ի գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելու նախապայման որպես ընդունելը, որ նաև քրեաիրավական գնահատական չպետք է տանք նախկին ղեկավարության վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Անանյանը:

Նա հավելեց, որ տնտեսությունում և ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն: «Մենք ցանկանում ենք, որ առողջ մրցակցության շրջանակներում որևէ գործունեություն լինի ճիշտ ու թափանցիկ աշխատողներով»,- ասաց նա:

Ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Share