Բաժին. Տնտեսական

Հայաստանի բանկերի միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը սկսել են համատեղ սեմինարների շարք լրագրողների համար

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է սեմինարների շարք, որի նպատակն է ֆինանսա-տնտեսական թեմաների լուսաբանման ասպարեզում մասնագիտացած լրագրողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առընչվող տարաբնույթ տեղեկատվական նյութեր և վերլուծություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից, երկամսյա սեմինարների ընթացքում լրագրողներին հետաքրքրող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաների շրջանակներում դասախոսություններ կանցկացնեն Հայաստանի բանկային համակարգի բարձրաստիճան ղեկավարներն ու բանկային գործի լավագույն փորձագետները:

Լրագրողների համար նախատեսված առաջին սեմինարը մեկնարկել է Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված բացման արարողությամբ:

Հավելենք, որ տնտեսական թեմաներ լուսաբանող շուրջ 20 լրագրողների համար նախատեսված սեմինարները կազմակերպվելու են յուրաքանչյուր շաբաթ օրերին, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր:

Share