Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյան. 2019թ. աննախադեպ քանակով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու՝ ավելի քան 300 կմ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը: Նա նշեց, որ աննախադեպ քանակով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու՝ ավելի քան 300 կմ:

«Խնդիր է դրված Երևանից դեպի Վրաստան, դեպի Իրան ունենալ բարձր որակի ճանապարհ: Շեշտը դնելու ենք Հայաստանը տարանցիկ գոտի դարձնելու վրա»,- ասաց նախարարը:

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ծրագրով «Տրանշ-3»-ում ներկայում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ավարտի հստակ ժամկետներ չնշեց:

Ընթացիկ տարում զգալի աշխատանքներ են նախատեսված Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի ուղղությամբ, սակայն նախկինում եղած որոշ խնդիրների պատճառով չեն կարողանալու այդ նախագիծը ժամանակին ավարտել: Ներկայում  շինարարություն իրականացնող ընկերության հետ քննարկումների մեջ են՝ կապված վերջնաժամկետի հետ։

«Ունենք մեծ նախագիծ՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ Թունելի և երեք կամրջի շինարարությամբ  մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ Սա կարևոր նախագիծ է»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Խոսելով ճանապարհաշինական աշխատանքների որակի մասին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ճանապարհաշինական ծրագրեր իրականացնող բոլոր ընկերությունների  հետ  հանդիպումներ են ունեցել:

«Մի բան հստակ է՝ թույլ չենք տալու, որ  հարկատուների հաշվին արվող շինարարությունն անորակ  լինի, այլապես չեն վճարվի, անհրաժեշտության դեպքում էլ կենթարկվեն նաև  պատասխնատվության՝ անկախ նրանից,  թե ում են պատկանում»,-ասաց նա:

Share