Բաժին. Տնտեսական

Երևանում կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային ցուցահանդեսը

Երևանում ապրիլի 26-28-ը կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհամախմբի զբոսաշրջության և ակտիվ հանգստի լավագույն առաջարկները: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպո Գրուպ» ընկերությունը, որը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է: Որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի և մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել, տարածաշրջանային ի՞նչ տուր փաթեթներ կարո՞ղ են ձևավորվել, այս և մի շարք այլ հարցերի պատասխանները այցելուները կարող են գտնել «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ցուցահանդեսը լավ հարթակ է ոլորտի մասնագետների, ընկերությունների համար: Այն կնպաստի նոր կապեր ձևավորելուն, համագործակցության նոր հնարավորություններ գտնելուն:

«Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նշանակալի իրադարձություն է, այս միջազգային ցուցահանդեսը դարձել է հեղինակավոր: Թե Հայաստանի, թե այլ երկրների զբոսաշրջային արդյունքը ներկայացվում է մեկ տեղում: Եվ պարզապես այցելուները, և՛ տուրիզմի ոլորտի ընկերությունների համար հետաքրքրական հարթակ է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

«Ին Տուր Էքսպո» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Իրան, Եգիպտոս, Հայաստան, Արցախ և այլն:

«Ցուցահանդեսին մասնակցում են և՛ տուրօպերատորներ, և հանգստյան տներ, և հյուրանոցներ, և ռեստորաններ: Այսինքն՝ ամբողջական փաթեթ է: Երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, Արցախ և՛ տոմս է անհրաժեշտ, և՛ լավ հյուրանոց կամ հյուրատուն, և,՛ իհարկե, ոչ պակաս կարևոր է, խոհանոցը, ինչպես նաև գեղատեսիլ ու պատմահնագիտական վայրերը: Ահա այս ամենը ներկայացված կլինի ցուցահանդեսում»,-ասաց Վահագն Միրիջանյանը: Ինչ վերաբերում է այլ երկրներից ցուցահանդեսին մասնակցող ընկերություններին, ապա նույն սկզբունք է գործում: Օրինակ, Եգիպտոսը ներկայանում է հյուրանոցներով, Ռուսաստանից մասնակցում է Սանկտ Պետերբուրգի քաղաքային տուրիստական բյուրոն, մասնավոր ընկերություններ: Իրանից մասնակցում են տուրիստական ընկերություններ, որոնք առաջարկներ են ներկայացնում դեպի Իրան: 

Ցուցահանդեսի շրջանակում կկայանան «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացնում է Սմիթսոնյան ինստիտուտը:

«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը նշեց, որ իրենք աշխատում են մի քանի մարզերում և զարկ են տալիս մշակութային տուրիզմի զարգացմանը:

«Ահա այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված զբոսաշրջային պրոդուկտը ներկայացնելու ենք ցուցահանդեսին: Մենք աշխատում ենք թանգարանների, փառատոնների, արհեստագործ վարպետների հետ»,-ասաց Սիսակ Մխիթարյանը:

Ցուցահանդեսների շրջանակներում անցկացվելու են մի շարք սեմինարներ ոլորտի մասնագետների համար: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն է հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը:

Share