Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կհյուրընկալի Ղրղզստանը

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 30-ին Երևանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում հայտարարեց Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը:

«Օգոստոսի 9-ին ձեզ հրավիրում եմ Չոլպոն-Աթա քաղաք` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,- ասաց Աբիլգազիևը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում անդամ պետությունների երկրների վարչապետերն ընդգծեցին, որ նեղ կազմով քննարկումն ընթացել է կառուցողական մթնոլորտում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալության համար:

Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել են նեղ կազմով հանդիպման ժամանակ: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, հաստատել են արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում, 2019թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

Share