Տնտեսական | 19:10 30/04/19

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում սովորաբար քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում  կոնսենսուս է անհրաժեշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Վարչապետների մակարդակով քննարկումները թույլ են տալիս նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ այդ փոխզիջումներին հասնելու համար: Եվ մենք այսօր զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել »,- ասաց Սարգսյանը:

Նա բարձրաձայնեց խնդրահարույց հարցերի մասին, որոնք եղել են նիստի օրակարգում: «Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն  են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի  բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ մշակել են նաև այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհային քարտեզ:

Նրա խոսքով՝ բիզնեսի համար երկրորդ կարևոր հարցը հակադեմպինգային հետաքննության գործառույթն է: