Բաժին. Տնտեսական

«Made in Armenia» պիտակների այժմ հաճախ կարելի է հանդիպել. հայկականի հանդեպ վերաբերմո՞ւնք է փոխվել

Շուկայում «Արտադրված է Հայաստանում» կամ՝ «Made in Armenia» պիտակների այժմ հաճախ կարող ենք հանդիպել։ Տեղական արտադրանքին սպառողներն աստիճանաբար տեղ են տալիս՝ «մեր հայերի արտադրանքն է»։ Հայկական ապրանքի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում հատկապես ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ՝ հայկական արտադրանք կրելու եւ հայկականի նկատմամբ, այսպես ասած, ուշադրություն հրավիրելուց հետո։

«Հեղափոխությունից հետո, երբ սկսեց խրախուսվել հայկական արտադրանքը, շարժ նկատվեց։ Իսկ մինչ այդ, իմանալով՝ հայկական է, 90 տոկոսով չէին գնի։ Հիմա 90 տոկոսով կգնեն։ Բայց դեռ PR-ի խնդիր կա»,-«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նկատեց «Պերսոնա» կանացի հագուստի արտադրության հիմնադիր-սեփականատեր Կարո Սարգսյանը։

Կարոն ասում է՝ գործը սկսել է 2 տարի առաջ՝ 3-4 աշխատողով։ Հիմա 11 հաստիք ունեն։  Խոսելով արտադրության ընթացքում հանդիպած խնդիրներից ու խոչընդոտներից, առաջին հերթին բարձրացրեց աշխատողների խնդիրը։ Աշխատատեղերի լրացումը չափազանց բարդ հարց է համարում։ «Սխալ է ձեւակերպումը, թե աշխատանք չկա։ Իրականում աշխատող չկա։ Մի քանի ամիս է՝ բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործելով հանդերձ, չենք կարողանում թափուր տեղերը զբաղեցնել։ Ոչ թե հենց լավ աշխատող, այլ ընդհանրապես աշխատող է պետք, ֆիզիկական անձ, որը պարզապես կաշխատի։ Ընդհանրապես դիմող չկա»,-ներկայացրեց զրույցի պահին առկա իրավիճակը՝ ավելացնելով, որ լուրջ է նաեւ հումքի խնդիրը։

«Հումքի խնդիր տեքստիլ ոլորտում դեռեւս առկա է։ Հումք արտադրող կազմակերպություններ չունենք։ Աստիճանաբար թելի արտադրության փորձ է արվում։ Առաջիկայում Մարալիկում կգործարկվի։ Նախատեսվում է Հայաստանում նաեւ կտորի արտադրություն կազմակերպել։ Բայց այդ ամենի համար ժամանակ է պետք»,-«ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։ Ասում է՝ դրանք էլ բիզնես են, եւ ինքնանպատակ ոչ ոք թել կամ կտոր չի արտադրի։

«Պերսոնայի» համար հումքը ներմուծում են։ Բայց հիմնադիր-սեփականատիրոջ խոսքերով, օգտվում են ներմուծման համար կառավարության նախատեսած արտոնություններից, ու նախկինի համեմատ մաքսազերծման գինը նվազել է. «Հումք ներմուծելն ու այստեղ արտադրելն ինձ համար ավելի մատչելի է, քան պատրաստի հագուստ ներմուծելը»։

Հիմա արդեն պաշտոնական խանութ էլ ունեն։ Պատմում է, որ սկզբնական շրջանում հագուստը վաճառում էին այս կամ այն խանութում՝ խնդրելով, համոզելով խանութի տերերին։ Եվ լինում էին դեպքեր, երբ խանութներում «Արտադրված է Հայաստանում» պիտակը պոկում էին՝ պատճառաբանելով, որ տեղականը չեն գնում։ Վաճառում էին որպես այլ երկրի, մասնավորապես, Թուրքիայի արտադրանք։ Հիմա իրենց ապրանքն իրենք էլ վաճառում են։ Արդյունքից էլ գոհ են։

«Այս պահին 2 խանութ սրահ ունենք, նախատեսում ենք նորը»,-տեղեկացրեց Կ. Սարգսյանը։ Իսկ արտահանման մասին մտածելը դեռ վաղ է համարում։ Մինչ այդ ուզում են արտադրամասը մեծացնել։

«Պերսոնայի» գլխավոր մոդելավորողը՝ Անի Սեյրանյանը, ֆիրմայի հագուստը ստեղծելիս նորաձեւության միտումներին հետեւելով, առաջին հերթին փորձում է հասկանալ՝ տվյալ ժամանակահատվածում ինչ տիպի հագուստ են նախընտրում, որն է մեր հասարակությանը համապատասխան։ Ֆիրմայի ներկայացուցիչներն ասում են՝ սպառողների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելել են հայկական տարազի մոտիվներով շորերը։ Նախատեսում են այդ մոտիվներով հատուկ թողարկում տալ։

Ստեղծված միջավայրում ու պայմաններում սեփական գործի մասին շատերն են սկսել մտածել։ «Ակտիվություն կար, կա եւ կլինի, որովհետեւ բիզնեսմենները փորձում են գտնել շուկաներ, հատվածներ, որտեղ կարող են ներդրումներ անել եւ շահույթ ստանալ։ Իհարկե, ոչ բոլոր քննարկումներն ու առաջարկներն են կյանքի կոչվում, բայց դա էլ բնական է։ Պետության գործառույթը այն է, որ ստեղծի համապատասխան բարենպաստ միջավայր ընկերությունների համար։ Իսկ վերջնական որոշումը պետք է բիզնեսը կայացնի։ Բիզնեսն իր որոշումը կայացնում է այն ժամանակ, երբ տեսնում է, որ շահույթ ունի»,–ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետը։

Պետական աջակցությունն ու հնարավորությունները

Ներկայացնելով պետության սահմանած աջակցության մեխանիզմները, Արմեն Եգանյանը առանձնացրեց ավելացված արժեքի հարկի մուծման հետաձգումը, նաեւ որոշ սարքավորումների եւ հումքի, նյութերի ներկրման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրումը։ Հիմնականում արտադրության, արդյունաբերության բնագավառի ընկերություններն են օգտվում։

Արտոնություններից հաջորդը վերաբերում է արտահանմանն ուղղված պետական աջակցությանը։ «Արտահանող ընկերություններին տրամադրվում է մի շարք ուղղություններով աջակցություն, մասնավորապես, ցուցահանդեսների կազմակերպման եւ մասնակցության համար համաֆինանսավորում է տրվում 50 տոկոսի չափով, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է, կազմակերպվում են ներդրումային տարբեր ֆորումներ, որտեղ ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը։ Ընկերությունները նույնպես կարողանում են մասնակցել նմանատիպ միջոցառումների։ Բացի այդ, արտերկրում կազմակերպվում են PR ակցիաներ, նաեւ դիստրիբյուտորների ներգրավմանն ուղղված աշխատանքներ են տարվում։ Դրանք ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ են իրականացվում»,–տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ վարկի տոկոսադրույքների մինչեւ 5 տոկոս սուբսիդավորում է իրականացվում արտադրող կազմակերպություններին։ Նաեւ կառավարության որոշմամբ կա հաստատված սահմանամերձ համայնքների ցանկ, որտեղ գործունեություն իրականացնող ընկերություններին մինչեւ 9 տոկոս սուբսիդավորում է տրվում։ Եգանյանն ավելի պատկերավոր այսպես ներկայացրեց. «Վարկային կազմակերպության տրամադրած վարկերը 11-13 տոկոսի շրջանակներում են, այսինքն՝ ընկերությունների սուբսիդավորումը 5 տոկոսով կազմում է 6-8 տոկոս դրամական վարկ։ Եվ եթե սահմանամերձում է, կարելի է ասել՝ արտադրող ընկերությունների համար 2-5 տոկոսով վարկեր են»։

Նա նշում է նաեւ, որ պետությունը տարբեր այլ ծրագրեր եւս ունի, մասնավորապես, փոքր, միջին ձեռնարկատիրության աջակցությանն ուղղված, որը էլի մի շարք գործիքներ է ներառում։ Այդ աջակցությունը տրամադրվում է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով։ Բացի այդ, սահմանամերձ տարածաշրջանների համար գործող օրենքով սահմանվում են բոլոր հարկային արտոնությունները, որոնցից այդ տարածաշրջանում գործունեություն իրականացնող ընկերությունները կարող են օգտվել։ Վարչության պետի խոսքերով, բոլոր այն հարկային պարտավորությունները, որոնք Հայաստանում գործում են, այդ տարածաշրջանում գործունեություն իրականացնող ընկերությունների համար չեն գործում, կարելի է ասել՝ զրոյական են։

Հայկական ապրանքը՝ դրսի շուկայում. ի՞նչ փոփոխություններ կան

Արմեն Եգանյանն ընդգծում է, որ արտահանումը մեր երկրի համար առաջին գերակայություններից է։ Հայաստանի արտադրության, արդյունաբերության զարգացումը դիտարկվում է արտահանման հեռանկարում։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներկայացուցիչը նկատում է. «Եթե դիտարկենք վերջին տարիների դինամիկան՝ արտահանման ծավալները եւ կառուցվածքը գնալով մեծանում են, այսինքն՝ նոր շուկաներ էլ են մուտք գործում։ Եվ կարող եմ ասել, որ հիմա դրսի շուկաներում ավելի շատ հայկական ապրանքներ կարելի է տեսնել։ Եթե նախկինում, ռուսական շուկան վերցնենք, արտահանում էինք հիմնականում խմիչք եւ որոշակի գյուղատնտեսական մթերքներ կամ դրանց վերամշակված որոշ ապրանքատեսակներ, հիմա նաեւ ամեն տեղ արտահանում ենք թեթեւ արդյունաբերական արտադրանք, սկսել ենք արտահանել կոշիկ։ Այլ ուղղություններով եւս աշխատում ենք։ Մեր ընկերությունները փորձում են գտնել նաեւ այլ շուկաներ»։ Նա հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ ուղղվածություն կար, օրինակ, տեքստիլ արդյունաբերության մեջ։ Արտահանումը հիմնականում դեպի եվրոպական շուկա էր, մոտավորապես 90 տոկոսից ավելին արտահանվում էր եվրոպական շուկա։ Բայց վերջին մի քանի տարիներին արտահանում ենք նաեւ ռուսական շուկա։

Եգանյանն արձանագրում է՝ կարելի է ասել՝ 50/50 է ու շարունակում. «Եթե եվրոպական շուկա արտահանվում էր տոլինգային սխեմայով աշխատող ընկերությունների արտադրանք, այսինքն՝ դրսից տալիս էին հումքը, մեր ընկերությունները ծառայություն էին մատուցում եւ ապրանքն արտահանվում էր այլ բրենդների ներքո, թեեւ վրան նշվում էր՝ «Արտադրված է Հայաստանում», ապա վերջին տարիներին արդեն, օրինակ, ռուսական շուկայում մեր ընկերությունները հիմնականում հանդես են գալիս իրենց տեղական բրենդներով»։

Բայց մարտահրավերներ, ըստ վարչության պետի, միշտ եղել են, լինում են եւ լինելու են. «Ասել, որ տնտեսությունում բոլոր մարտահրավերները լուծեցինք եւ վերջ, դրանից հետո չեն լինելու՝ այդպես չէ։ Ամենազարգացած տնտեսություններն էլ ունեն իրենց ժամանակին համահունչ մարտահրավերները, եւ դա դինամիկ գործընթաց է»։ Նա միեւնույն ժամանակ նկատում է, որ պետք է բացառել եւ լուծել այն խնդիրները, որոնք պայմանավորված են պետական վարչարարությամբ։ Մեր զրուցակցի խոսքերով, դրանք պետք է հնարավորինս զրոյին մոտեցնել, որպեսզի խոչընդոտ չլինեն ընկերության գործունեությանը։

Հ. Գ. Հարցին՝ արդարացված է այն տեսակետը, որ տեղական ապրանքը ներմուծված ապրանքի համեմատ ավելի մատչելի գին պետք է ունենա, Արմեն Եգանյանն այսպես պատասխանեց. «Ասել, որ տեղական արտադրանքը պետք է ավելի մատչելի գին ունենա, քան ներկրվածը, չեմ կարծում, որ ճիշտ ձեւակերպում է։ Ճիշտ ձեւակերպումը հետեւյալն է՝ ապրանքը պետք է լինի մրցունակ՝ թե՛ տեղականը, թե՛ ներկրվածը։ Մրցունակությունն առաջին հերթին գին-որակ հարաբերակցությունն է։ Պետք է արտադրել այնպիսի ապրանքատեսակ, որը մրցունակ լինի, եւ ամենեւին չի նշանակում, որ տեղական արտադրանքը պետք է լինի ավելի էժան, քան ներկրվածը»։

 

Share