Բաժին. Տնտեսական

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Հայաստանում աճեցված տոհմային անասունների իրացումն ԱԱՀ-ից ազատող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է Հայաստանի տարածքում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կողմից Հայաստանում աճեցված տոհմային անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից: Վարազդատ Կարապետյանի կարծիքով՝ նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսությունները հետաքրքված կլինեն տոհմային անասուններ արտադրել եւ իրացնել Հայաստանի տարածքում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը: Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը կնպաստի տոհմային անասնաբուծության եւ տոհմային փոքր ու միջին տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաեւ կապահովի տոհմաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունը:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գառնիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ գործադիրն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

Share