Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչ օրս ներվել են շուրջ 20,000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 11,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

«Մաքրվել  է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50.000 դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու/երաշխավոր: Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել է 49 ընկերության, որից 15-ը ստացել է նաև ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ ՀՀ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ, իսկ միայն ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրամադրվել ևս  7 ներդրումային ծրագրի՝  շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով։

««Փոքր և միջին Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ  վերակառուցման դեպքում ծախսերի 50-70%-ի չափով ծախսերի ետվերադարձ է կատարվում: Սա աննախադեպ որոշում է: Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով վարկերը տրվում են 2%, կոոպերատիվնեին և սահմանամերձերին՝ 0% տոկոսադրույքով: 

Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով: Նախկինում այսպիսի ծրագիր չի եղել: Մարզերում շուրջ 290 սկսնակ  ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Share