Բաժին. Տնտեսական

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել գետնանցումների բարեկարգման ծրագրեր

Երևան քաղաքի բոլոր գետնանցումների բարեկարգման ծրագիրն ամբողջապես իրականացնելուց առաջ նախնական քայլ է արվում՝ կապված դրանք լուսավորելու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Անդրադառնալով, մասնավորապես,  Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկներում գտնվող գետնանցումների գարշահոտությանն ու առանց լուսավորության լինելուն՝ քաղաքապետն ընդգծեց, որ մոտ 6 ամիս առաջ դրանք լուսավորված էին:

«Երբ նոր էի սկսել աշխատել որպես քաղաքապետ, առաջին հանձնարարականներիցս էր՝ Երևանի բոլոր անցումները լուսավորել: Անձամբ գնացել և ստուգել եմ՝ բոլորը լուսավորված էին: Մի քանի շաբաթ անց բոլոր լույսերը կամ ջարդել էին, կամ գողացել»,- նշեց Մարությանը և հավելեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ի զորու չեն հերթապահություն իրականացնել բոլոր անցումներում և հետևել բնակիչների նմանօրինակ գործողություններին:

Նրա խոսքով՝ Մաշտոցի պողոտայի 2 գետնանցումը վաճառված է, դրանք սեփականատեր ունեն:

«Տերերն արդեն իսկ սկսել էին խախտել պայմանագրի կետերը, և մենք պարտադրեցինք նրանց վերսկսել բարեկարգման աշխատանքները: Ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք հնարավորինս արագ աշխատեն, այլապես կենթարկվեն տույժերի և տուգանքների»,- հավաստիացրեց Երևանի քաղաքապետը և ավելացրեց, որ իրենց ենթակայության տակ հատուկ հանձնաժողով կա, որը գույքագրում է բոլոր գետնանցումները:

Share