Բաժին. Տնտեսական

Համագործակցություն ենթակառուցվածքների զարգացման ու էներգետիկայի ոլորտում. Հրաչյա Թաշչյանն ամփոփում է վարչապետի առաջին օրը Պեկինում

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ համագործակցության զարգացումը, այն մեծ ներուժ ունեցող հսկայական շուկա է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Պեկինում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

«ՀՀ վարչապետը Պեկինում է՝ մասնակցելու Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին։ Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Հնդկաստանի, Հունաստանի, Սինգապուրի, Շրի Լանկայի և Կամբոջայի ղեկավարները։ Արդեն հետաքրքիր փաստ է այն, որ Հայաստանը հրավիրված է մասնակցելու նման բարձր մակարդակի համաժողովի։ Կայացավ հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Չինաստանի վարչապետի հետ։ Չինաստանն այսօր աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, հսկայական շուկա, ու Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումը Չինաստանի հետ»,-ասաց Հրաչյա Թաշչյանը։

Նա դեռ վաղ համարեց կոնկրետ արդյունքների մասին խոսելը, սակայն ավելացրեց, որ նախանշվել են ռազմավարական ուղղությունները՝ ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկա, հանքարդյունաբերություն։ Նա տեղեկացրեց, որ խոսվել է չինական շուկայում հայկական ապրանքների առաջմղման հարցի մասին։

«Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում։ Խոսքը հայկական կոնյակի, գինու, գյուղատնտեսական ապրանքների մասին է։ Քննարկվել է Հայաստանի մասնակցությունը տարբեր առևտրային միջոցառումների, որի միջոցով ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնել հայկական ապրանքները»,- եզրափակեց ՀՀ վարչապետի օգնականը։

Share