Բաժին. Տնտեսական

Կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը

ՀՀ կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Գործունեությունը նախատեսվում է սկսել 2020 թվականից։ Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 885 մլն 900 հազար դրամ», – ասաց Խաչատրյանը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

Share