Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ժամանակին պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

Լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի վտանգն այս տարի ևս պահպանվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ջերմատան պայմաններում այսօր որևէ խնդիր չկա, որովհետև բազմաթիվ մեթոդներ կան, որոնցով հնարավոր է կանխել հիվանդությունը, իսկ բաց դաշտի պայմաններում վտանգը պահպանվում է:

«Նոր ծրագիրն արդեն մշակվել է այս օրերին ֆերոմոնային թակարդներն արդեն տեղադրվում են Արմավիրի, Արարատի մարզերում: Մենք կտրամադրենք թակարդները նաև այլ  մարզերին: Կշարունակենք վաղ ժամկետում դիտարկումները, բացի այդ մենք նաև պայքարի համալիր միջոցառումներ իրականացնելու համար Ագրարային համալսարանի միջոցով պիլոտային ծրագիր ենք իրականացնում Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում, որտեղ լոլիկի բավականաչափ մեծ տարածքներ կան՝ »,-նշեց նա:

Պետրոսյանը հերքեց այն կարծիքները, թե մեկ գործողությամբ  հնարավոր է պայքարել այդ վնասատուի դեմ՝  նշելով, որ դա համալիր միջոցառումներ է պահանջում:

«Մենք հորդորում ենք չուշացնել պայքարի միջոցառումները,  այլապես ամեն ինչ անիմաստ կլինի»,-հավելեց նախարարի տեղակալը:

Share